Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ո՞Ւմ է ձեռնտու

Ո՞Ւմ է ձեռնտու
03.02.2015 | 00:37

Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածից դեռ ուշքի չեկած հայ հանրությունը նոր «ցնցումի» մեջ է հայտնվել` Բերձորի պռնկին տեղի ունեցածից: Ասված է` գտիր պատճառը և ոչ հետևանքը: Դատապարտելով ուժի կիրառումը ավտոարշավի ելածների նկատմամբ, արձանագրելով, որ միջադեպն այս պահին առաջին հերթին պետք չէր ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, առողջություն մաղթելով տուժածներին, այնուհանդերձ, փորձենք հասկանալ. ինչո՞ւ հանկարծ նման բան հնարավոր եղավ: Խիստ ակնհայտ է` ինչ-որ «հմուտ» ձեռք փորձում է Հայաստանում ղեկավարելի` հիբրիդային սկզբունքով, օջախներ ստեղծել, որոնց վրա, անհրաժեշտության պահին հնարավոր կլինի ցանկացած բան «տաքացնել»: Կոնկրետ դեպքում «ցանկալին» Ղարաբաղն է: Այն է` տարածաշրջանը: Եվ նրբակերտ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ` ներառելով հայոց բոլոր շերտերն ու ենթաշերտերը:

ա) Գյումրիում տեղի ունեցածը ենթագիտակցական մակարդակով շարժեց բոլորին: Թիրախը ռուսական ռազմաբազան էր: Հաջորդ թիրախը` զգայականության դաշտն իր պատմության ընթացքում այդպես էլ չհաղթահարած հայոց կերպից ի անհրաժեշտություն ստանալ այն, ինչ պետք է ի շարունակություն: Սակայն այս անգամ ոչ թե ռուս զինվորի, այլ հենց հայոց ձեռքերով:

բ) Հաջորդ ուղղությունը ղարաբաղցի-հայաստանցի, առանց այն էլ վերջին տարիներին, ինչ-որ առումով սրված վիճակը պատրաստ պահել` անհրաժեշտության դեպքում դետոնատոր դարձնելու համար:

ՈՒստի պետք էր ջարդել նաև սրբազան այն վերաբերմունքը, որ, անկախ ամեն ինչից, անկախ վերը նշված հանգամանքից, կա Ղարաբաղի նկատմամբ հայի խորքում` նույն անցնող տարիների ընթացքում, որովհետև որքան էլ առաջինը տեղ ուներ, Ղարաբաղն անկախ Հայաստանի համար եղել և մնացել է հայի համար սակրալ նշանակության էզոգոտի: Այլապես ինչպես հասկանալ Արցախի համար իրապես հերոսացած, Արցախում օրերս հյուրընկալված, Արցախի իշխանությունների հետ հանդիպած, նրանց հետ նստած-ելած, որոշակի պայմանավորվածություն ձեռք բերած, այսպես կոչված, «Հիմնադիր խորհրդարանի» աշխատանքները համակարգող Ժիրայր Սէֆիլյանի պահվածքը: Մանավանդ որոշ գնահատումներով` հիմնադիր խորհրդարանի համար վաղուց ասվում է` գոյատևում է դրսից ստացած գրանտների շնորհիվ: Արդյոք համատեղելի՞ են պատերազմական իրավիճակում գտնվող Արցախը, Ադրբեջանի կողմից անվերջ դիվերսիաների ենթարկվող Արցախը, այնտեղ մեկնող հայաստանյան ներքաղաքական հարցերով ավտոշարասյունը և… գրանտային փաթեթները, մանավանդ այս փուլում, երբ տարածաշրջանը այնքա՜ն պայթյունավտանգ է:

գ) Քաոս սարքել նաև ներքաղաքական-սոցիալ-տնտեսական հողի վրա, որպես առանձին «ֆլանգ», մանավանդ որ դրա համար հողն անչափ պարարտ է:

դ) Սահմանային սրացումներ. էսկալացիա թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի պաշտպանության գոտիներում:

ե) Եղեռնի 100-րդ տարելիցի հարամում: Եվ վերջապես`

զ) սահմանադրական բարեփոխումների սպասվող «շքահանդեսի» շանթարգելում:

Հասկանալի է նաև, որ այս ամենն առանձին-առանձին չէր կարող հայոց մեջ (ուր առկա է նաև քաղաքացիականությանը, հեղափոխականությանը շատ չտրվելու ինքնապաշտպանական կոդ) ստեղծել ցանկալի քաոսի այն պատկերը, որից «հասու» ձեռքը և կամ «ձեռքերը» կարող էին ստանալ իրենց անհրաժեշտ «պատկերն» ու «ձեռքբերումները: Անցնող քառորդդարյա պատմությունը հենց դա է ապացուցել. հայոց մեջ բողոքներից հետո բողոքավոր զանգվածը կամ թեյ խմելու, կամ էլ պարզապես տուն է ուղարկվել, այդ թվում՝ արտաքին խաղացողների «բարի կամքի» թույլտվությամբ: Այս անգամ այդպես չէ: Թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղացողների «առաջադրանքն» այլ է: Եվ միայն վերը նշված բաղադրիչների զուգակցմամբ հնարավոր կլինի ստանալ այն, ասացինք արդեն` ինչ պետք կլինի` անհրաժեշտ պահին` քաոսն իր լրումին հասցնելու համար: Հիմա հարցը մեկն է: Ո՞Ւմ է ահրաժեշտ այս ղեկավարելի, «անհրաժեշտ» քաոսը: Եվ ո՞րն է «լրումը», որին փորձում են հասնել «ձեռքերը»: Հիշենք. քաոսների պատմությունն այնպիսին է, որ նրանում «փայ» են ունենում շատերը. ուստի մեր քաոսում ևս շատերն են ներառված` սկսած հայոց իշխանություն-ընդդիմությունից մինչև Ռուսաստան, Արևմուտք, այո, մինչև Իսլամական պետության «զանգեր» և, իհարկե, Ադրբեջան ու Թուրքիա: Քաոսների ողջ «հմայքն» էլ հենց դրանում է: Առաջիկայում կփորձենք հասկանալ, թե այդ «հմայքը» ով ինչպես է ծառայեցնում իր շահերին: Եվ ինչ է դրա արդյունքում մնալու Հայաստանից, որպես պետություն, հայից, որպես էթնոս:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ